Ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցն արձակողը եղել է Էդվարդ Գրիգորյանը, ոչ թե Արմեն Բիլյանը. Պավլիկ Մանուկյանի բացահայտումը
ՊՊԾ գնդի զավթման և մի քանի այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա Ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանը բավականին աղմկոտ հայտարարություն արեց: Նա ասաց, որ ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը, հետևապես սխալ մեղադրանք է առաջադրվել:
«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակն իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»,- ասաց Մանուկյանը:
Նա անդրադարձավ նաև ՊՊԾ գնդում եղած բանկոմատը բացելուն և ասաց, որ բանկոմատը գրոհել է Մխիթար Ավետիսյանը և ոչ թե Արմեն Բիլյանը: Մանուկյանը խնդրեց վերականգնել արդարությունը. «Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան՝ ի շահ պետության և արդարության»,- ասաց Մանուկյանը:
Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է և՛ ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության, և՛ բանկոմատը բացելու համար:
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ, իսկ Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանն ազատվել են կալանքից:
Գործով մեկ այլ մեղադրյալ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ դա միայն Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն է: