Կզորակոչվեն նաև առողջական որոշ խնդիրներ ունեցող տղաները
Բանակ կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները:
Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արձագանքելով դժգոհությունների մասին դիտարկմանը` նախարարը նկատեց, որ որոշման ընդունումից հետո այն անմիջապես ներկայացվել է փոփոխությունների:
«Այն թերությունները, որոնք ի սկզբանե կային, շտկվել են: Կարծում եմ, եթե բժշկական անձնակազմն ու փորձագետները վստահ են, որ, օրինակ, թերքաշայինների դեպքում 45 կգ-ը կարելի է իջեցնել մինչև 43-ի, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Միանշանակ, իմ կարծիքը չի կարող ավելի գերակշիռ լինել, քան մասնագետինը»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ նման չափանիշները միշտ են վերանայվել և վերանայվում են ու կարիք լինելու դեպքում կրկին կվերանայվեն: