Ճառն ասացիք, իսկ ո՞վ պետք է զանգը կախի
Ուշի ուշով հետևում եմ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի live-երին և գրառումներին: Պետք է նկատեմ, որ այս քաղաքական գործիչն իր անցած ճանապարհով բավականին խնդրահարույց հետագիծ է թողել իր հետևից: Նրա անձի շուրջ բացասական մեկնաբանությունների տեղատարափ անընդհատ է լինում, բայց նաև ճիշտ խոսելը հո շանտղություն չէ՞: Այժմ դիմում եմ ՕԵԿ նախագահին.
Պարո՛ն Բաղդասարյան,
Ես Ձեզ միշտ քննադատել եմ և շարունակելու եմ քննադատել, քանի որ չեմ կարողանում հանդուրժել միայն բարձրագոչ մտքեր արտահայտող, բայց մատը մատին չտվող մարդկանց: Եթե ընտրել եք հանրային պատասխանատվություն ստանձնելու ճանապարհը, ապա պետք է գործ անեք և միայն Ֆեյսբուքում գրագետ ստատուսներ գրելով չսահմանափակվեք: Այդպես հարցերին լուծում չեք կարող տալ:
Չեմ կարող, սակայն, չնկատել, որ Ձեր առաջ բերած մտքերը շատերն են վերցնում, ռեբրենդինգի ենթարկում և «իրենցով անում», այդպիսով հավասարակշռված քաղաքական գործչի վարկանիշ ձեռք բերում: Դուք, որքան էլ քաղաքական թելադրանքներից ելնելով՝ չեք կարողանում Ձեր մտքերը գործնականում իրագործել, բայց չեմ կարող չնկատել, որ Ձեր գաղափարներն իսկապես մարդկանց առօրյա կենսական անհրաժեշտության պահանջներից են բխում:
Վերջին մի քանի օրվա ընթացքում բարձրացրել եք այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են, օրինակ, հիփոթեքային վարկավորման կանխավճարների վերացումը, վթարային և կիսավթարային շենքերի վերաբերյալ մտահոգությունները, ռազմական արդյունաբերության զարգացման կարևորությունը, աշխատաշուկային կրթության համահունչ լինելու խիստ անհրաժեշտությունը, հերոս տղաներին պատշաճ վերաբերմունքն ու եկեղեցու ամրության՝ Ձեր պատկերացումները:
Արթուր Բաղդասարյա՛ն, եթե կարողացել եք ինքնամաքրվել, եթե կարողացել եք հին կապերը խզել և վերանայել նախկին մոտեցումներն իշխանությունների նկատմամբ, փոխել Ձեր թիմը, քանի որ տարբեր թեմաների մեջ չարչրկված՝ Ձեր թիմակիցներն այլևս անզոր են Ձեզ վարկանիշ ապահովելու, պետք է վերջապես նորովի անցնեք գործի և արտահայտած մտքերն իրագործեք, այլապես կլինի միայն ճառ ասել, իսկ ո՞վ պետք է զանգը կախի:
Ես զգում եմ, որ նոր թափով եք առաջ եկել և ցանկանում եք նորից մտնել ակտիվ քաղաքական փուլ, ասեմ, որ այս շրջանում քաղաքական գործիչների պակաս իսկապես կա, բայց ժողովուրդն այլևս բացճակատ մարդկանց է ընդունում, հարգում և ձայն վստահում, այնպես որ՝ մաքրվե՛ք և առաջ անցե՛ք, այլապես՝ չեք երևա այլոց ֆոնին:
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն