ԲՀԿ կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին և կառաջադրի քաղաքապետի իր թեկնածուին
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փորձը հուշում է՝ հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվի և կգործի արդեն Երևանի մասին օրենքի հաջորդ դրույթը։
Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին և կառաջադրի քաղաքապետի իր թեկնածուին:
«ԲՀԿ-ն արդեն ունի կայացրած քաղաքական որոշում, մենք անպայման Երևան ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք, որը բոլոր հաշվարկներով կարծես կլինի սեպտեմբերի վերջին, իսկ մնացածն արդեն քննարկելու թեմա է»,- ասաց Զոհրաբյանը:
Դեռևս որևէ քննարկում չի եղել, թե ով կղեկավարի ԲՀԿ ցուցակը, սակայն Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իրենք կարող են այնպիսի համամասնական ցուցակ ներկայացնել, որում ներգրավված անձինք կարող են պատասխանատվություն վերցնել իրենց վրա՝ Երևանի համար:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ քաղաքապետի թեկնածու առաջադրել հուլիսի 16-ի համար: Հետևաբար, տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ»,- ընդգծեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր՝ հուլիսի 12-ին որոշել է Երևանի քաղաքապետի ընտրության օր նշանակել հուլիսի 16-ը: Եթե այդ օրը քաղաքապետ չընտրվի, ապա պետք է աշնանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն: