ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը:
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Ինչպես արդեն նշել էինք՝ օրենքի ընդունումից հետո 150 հազար մարդ կազատվի տուգանքներից՝ անկախ ազգությունից։
Համաներում չի լինի, եթե վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը։