Գնալու եմ ՀՔԾ և ասեմ, որ ինձ ոչ ոք չի ծեծել. Վյաչեսլավ Հարությունով (տեսանյութ)
Լրագրողներն այսօր այցելել են բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի բնակարան: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հուլիսի երկուսին Օլիմպավանում իր, Գագիկ Ծառուկյանի և Էդուարդ Բաբայանի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Վյաչեսլավ Հարությունովը նշել է, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, սակայն չի գնացել: Նա ընդգծել է, որ որևէ լրատվամիջոցի կամ որևէ մեկի երբեք չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդ Բաբայանն իր վրա ձեռք են բարձրացել, և տարածված տեղեկատվությունն, ըստ նրա, ամբողջությամբ սուտ է ու չի համապատասխանում իրականությանը:
«Ես ասել եմ՝ Գագիկ Ծառուկյանն է մեղավոր իմ այսօրվա վիճակի համար՝ նկատի ունենալով ոչ թե, որ նրա հետ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, այլ այն, որ իմ չեմպիոն որդին բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ու չի կարողանում գալ Հայաստան: Արդեն երկու տարի է նա իր ընտանիքից ու ինձանից հեռու է ապրում: Ես հենց դա եմ նկատի ունեցել, երբ ասել եմ՝ Գագիկ Ծառուկյանն է մեղավոր այս ամենի համար: Մի քիչ էլ զայրացած եմ եղել, որ չեմ կարողացել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ ու խնդրել, որ նա այս հարցով զբաղվի և իմ որդին ազատ կարողանա վերադառնալ հայրենիք»,-ասել է Վյաչեսլավ Հարությունովը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում