«Նիկոլի մոտ ո՞նց ստացվեց, մեզ մոտ էլ կստացվի». «Սուրմալու»-ի առևտրականները որոշել են փակել փողոցները (տեսանյութ)
Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնի առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք հայտարարել են գործադուլ և սպառնում են փակել փողոցները, եթե կառավարությունը չկատարի իրենց պահանջները: Բանն այն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նրանց հարկերը բարձրացել են՝ կապված առևտրի կենտրոնի հարկային պարտավորությունների հետ:
«Մենք գործ չունենք, առևտուր չկա, ժողովուրդը գնում է, մարդ չկա, որ գա առևտուր անի»,-ասաց ցուցարարներից մեկը՝ պահանջելով առևտրի կենտրոնի ղեկավարությանը՝ իջեցնել հարկերը:
«Սիրում եք մի բանը մի քանի անգամ կրկնել... Երբ կառավարությունը զիջի իմ հարկային պարտավորություններն ու իջեցնի հարկերը, ես էլ ձեր հարկերը կիջեցնեմ»,-ցուցարարներին ասաց կենտրոնի տնօրեն Զաքարյանը:
Առևտրականները կոչ արեցին գնալ և փակել փողոցը: Նրանցից մեկը առարկեց՝ նկատելով, որ այդպես ոչինչ չի ստացվի: Առարկող առևտրականին անմիջապես արձագանքեցին.
«Ախպեր ինչի՞ պետք ա չստացվի, տեսա՞ր Նիկոլի մոտ ոնց ստացվեց, մեզ մոտ էլ կստացվի...»:
Առևտրականները բոլորին կոչ են անում միանալ իրենց: