Ես թավշյա հեղափոխություն եմ արել, որ արդարություն լինի, բայց արդարություն չկա. ես վիրավորված եմ (տեսանյութ)
Արդեն 14 տարի կալանավայրում պատիժը կրող Հրաչյա Սահակյանի մայրը շարունակում է իր որդու համար արդարադատություն պահանջել։
Դիմել է տարբեր ատյաններ, սակայն մինչ օրս ոչ մի արդյունքի չի հասել։ Այժմ իշխանափոխության հետ նոր հույսեր են արթնացել։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է, որ դատավարության ընթացքում հնարավոր չի եղել ապացուցել իր տղայի անմեղությունը․ 19 ամյա պատանուն սպանելու համար նրա որդին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, սակայն մայրը վստահեցնում է՝ իր տղան ոչ մեկին չի սպանել։ Նա վստահեցնում է, որ երբ տեղի է ունեցել սպանությունը, իր որդին եղել է տանը։ Ավելին՝ նա այդ ժամանակ հեռախոսով զրուցելիս է եղել և դա ապացուցված է։
«Ո՞վ է պատասխան տալու իմ որդու կորցրած տարիների համար, նրա կորցրած առողջության համար․ նա կարող էր այս ընթացքում աշխատել, ամուսնանալ, ընտանիք կազմել»,-ասում է լացակումած մայրը՝ հույսը կապելով Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է:
Մեկ այլ քաղաքացի էլ՝ Եգորը, նկատում է, որ այլևս այս երկրում ոչ մի փոփոխության չի հավատա, եթե դատական համակարգում փոփոխություններ չլինեն։ Նա պնդում է, որ իր դեմ քրեկան գործ է հարուցվել և դատական նիստերին ներկայացրել են մոնտաժված ու կեղծ տեսանյութեր։
«Ես թավշյա հեղափոխություն եմ արել, որ արդարություն լինի, բայց արդարություն չկա՝ ես վիրավորված եմ ու ուզում եմ թողնեմ-գնամ Հայաստանից»,-ասում է Եգորը։
Մանրամասները՝ տեսանյութում․