Ամուլսարում կսկսվի կոռուպցիոն ռիսկերի ստուգման գործընթաց․ բնապահպանության նախարար
Ամուլսարի մասով ստուգումները կլինեն և՛ բնապահպանական, և՛ փաստաթղթային մասով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախնական հաշվարկով մոտ 10 օր է անհրաժեշտ։
Էրիկ Գրիգորյանը նկատում է, որ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը չպետք է սպառնալիքների լեզվով խոսի և հայտարարի, թե հայտ կներկայացնի դատարան, եթե արգելվի հանքարդյունաբերությունը։
«Մեր բոլոր գործողություններն այս պահին օրենսդրության շրջանակներում են, որպեսզի չկատարենք այնպիսի քայլեր, որոնց հետևանքով կարող են իրավական, ֆինանսական, վարկանիշային ռիսկեր առաջանալ ՀՀ համար»,- ասաց նա:
Էրիկ Գրիգորյանը նաև նշեց, որ եթե բացահայտվի որևէ կոռուպցիոն դեպք, ապա չի կարծում, թե միջազգային հանրությունը կպաշտպանի գործընթացը՝ հաշվի առնելով կոռուպցիոն ռիսկերը։