«Փողոց կփակենք, ամեն ինչ կանենք»․ «Նաիրիտ»-ի անվտանգության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը (տեսանյութ)
Արդեն 6 ամիս «Նաիրիտ» գործարանի անվտանգության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ Նրանք պայմանագրեր են կնքել Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, ու թեև աշխատանքային պայմանագրի ժամկետներն արդեն լրացել են, սակայն ո՛չ աշխատանքից ազատվելու հրաման են ստացել, ո՛չ էլ աշխատավարձ։
Կառավարության դիմաց իրենց աշխատավարձն ստանալու պահանջով հավաքված աշխատակիցները NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եկել են վարչապետին կամ կառավարության աշխատակիցներից մեկին տեսնելու ակնկալիքով։ Նրանք հույս ունեն, որ նոր իշխանությունը կարող է իրենց հարցին լուծում տալ։
«Օդի մեջ գնում ենք գործի, գալիս․ կառավարությունը 20 օր առաջ որոշում ա ընդունել, որ վճարեն, չեն վճարում, տարբեր պատճառներ են բռնում»,- ասում է մեր զրուցակիցն ու նկատում, որ եթե չբավարարեն իրենց պահանջը՝ բողոքի ակցիաներ կանեն և կդիմեն տարբեր միջոցների, անգամ փողոցներ կփակեն։
Նկատենք, որ գործարանի անվտանգության 116 աշխատակցի և ԱԻՆ-ի պայմանագիրը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, որից հետո աշխատանքից ազատվելու հրաման չեն ստացել և շարունակել են աշխատել։ Այժմ նրանք պահանջում են վերագործարկել գործարանն ու վճարել իրենց վաստակածը։ ԱԻՆ-ի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 8 միլիոն դրամ։ Գործարանի ընդհանուր պարտքն այս պահին մոտ 50 միլիարդ դրամ է, աշխատավարձերի պարտքը՝ 5,4 միլիարդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում