Ամռան ամենաթեժ ու խելահեղ տրանսֆերային լուրը․ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է «Յուվենթուս»
Մինչ Աշխարհի առաջնության սկսվելը, եվրոպական սպորտային մամուլը շատ ակտիվ քննարկում էր, թե որտեղ է տեղափոխվելու Ռոնալդուն։ Ակտիվորեն քննարկվում էր ֆրանսիական «ՊՍԺ»-ի տարբերակը։
Երբ Պորտուգալիայի հավաքականը դուրս մնաց ԱԱ-ից, արդեն իսկ հաջորդ օրը իտալական ու իսպանական սպորտային պարբերականները սկսեցին գրել, որ Ռոնալդուն նոր ակումբ է փնտրում։ Մրցաշրջանի ընթացքում լարված էին «Ռեալի» նախագահի ու Ռոնալդուի հարաբերությունները։
Արդեն այսօր գրեթե բոլոր սպորտային պարբերականների առաջին էջերում Ռոնալդուն էր։ Իտալական պարբերականները սկսեցին գրել, որ Ռոնալդուն տուն է փնտրում Թուրինում ու իր համաձայնությունն է տվել «Յուվենթուսին»։ Նշվում է, որ պորտուգալացին կկնքի 4 տարվա պայմանագիր և տարեկան կստանա 30 միլիոն եվրո։
Իսկ պորտուգալական պարբերականները նշում են, որ առաջիկա օրերին արդեն իսկ վերջնականապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Հատկանշական է, որ այս տրանսֆերային պայթյունը եղավ այն ժամանակ, երբ Պորտուգալիայի հավաքականը դուրս մնաց ԱԱ 2018-ից։ Չէ՞ որ Ռոնալդուն կենտրոնացել էր մրցաշարի վրա ու այդ շրջանում իրեն հետաքրքրում էր միայն այդ մրցաշարը։