Տուգանքների համաներումը չի նշանակում՝ ով ինչպես և որտեղ ուզի, կվարի մեքենան․ համաներումը բոլորի վրա չի տարածվի
Մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ երթևեկության խախտման մի շարք տուգանքների համաներման արդյունքում զիջվող գումարը կազմում է13.3 մլրդ դրամ։
Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս։ Նա նշեց, որ նոր Սահմանադրությամբ համաներումը պետք է լինի Ազգային ժողովում ընդունված օրենքի, այլ ոչ թե որոշման տեսքով:
Հարկ է նկատել, որ Արդարադատության նախարարը չէր ուզում այս հարցը հրապարակայնացնել, քանի որ վստահ չէր, թե քաղաքացիներն այն ճիշտ կընկալեն։ Երբ վարչապետը պնդեց, որ նա ընթերցի, Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ համաներումը տարածվում է ոչ բոլոր իրավախախտումներ կատարողների վրա։ Նա, դիմելով վարչապետ Փաշինյանին, հարցրեց, թե ինչպե՞ս անեն, որ հանկարծ քաղաքացիները սխալ չհասկանան, ինչին ի պատասխան՝ վարչապետը ծիծաղելով ասաց․ «Է, հայտարարի հիմա․․․ դրա համար էի պնդում, որ ընթերցես»,- ասաց նա և հավելեց․ «Սիրելի համաքաղաքացիներ, կան բացառություններ, որոնց դեպքում համաներում չի լինելու»։
Արտակ Զեյնալյանն էլ մատնանշեց դրանցից մի քանիսը․ «Օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ»,- ասաց Զեյնալյանը։
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ կառավարության նպատակն ընդհանուր վարքագիծը դեպի օրինապահություն տանելն է, և որոշ քաղաքացիներ չեն կարող օգտվել առիթից և օրենք խախտել՝ համաներման ակնկալիքով։
Նա նշեց, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման:
«Այս օրենքով մարդկանց անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվեն բոլոր տուգանքներից և ով ինչպես, որտեղ ուզի՝ վարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող: Մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- ասաց վարչապետը:
Դատախազ Արթուր Դավթյանն էլ նկատեց, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ տուգանքների համաներման դեպքում էլ կկարճվեն շատ քրեական գործեր, որոնք բացվել են հենց այդ խախտումների հիմքով։
Վարչապետը հաշվի առնելով կարծիքները՝ հանձնարարեց լրացուցիչ աշխատել նախագծի վրա, որից հետո այն կներկայացվի ԱԺ։
Մանրամասները՝ տեսանյութում