«Կարոյի բոյը իմը լիներ, Երևանի գոզալները իմը կլինեին»․ ի՞նչ էր երազում Եղիշե Չարենցը
«Չարենցի ձայնը տենորային էր։ Նա խոսում էր բարձր նոտաներով ու բարձրաձայն ավելի գյուղացու, քան քաղաքացու ինտոնացիայով։
Մի բան ասելուց առաջ ցուցամատը մեկնում էր առաջ․ գլուխը ետ տանում, հոնքերը բարձրացնում, ապա արտասանում խոսքերը։ Խոսակցության ժամանակ շատ էր դիմում ձեռքերի շարժումներին և ուներ հարուստ միմիկա։
Չարենցի առոգանությունը բարբառային էր, կարսական, ու խոսելիս զգալիորեն գործածում էր այդ բարբառի դարձվածքներ ու բառեր։ Ռուսերեն խոսելիս նույնպես զգացվում էր մայրենի առոգանությունը, թեև ռուսերեն խոսում էր անսխալ և ճիշտ շեշտադրությամբ։
Չարենցի հասակը 1,60 մետր էր, որից և ճնշված էր զգում իրեն։ Նախանձում էր բարձրահասակ մարդկանց, առանձնապես Կարո Հալաբյանին ու կատակով ասում էր․
-Ոչինչ չէի ուզենա - Կարոյի բոյը իմը լիներ, Երևանի գոզալները իմը կլինեին։
Հագնվում էր պարզ․ սովորական շապիկ մուգ կապույտ՝ ձմեռները, իսկ ճերմակ՝ ամառը, դնում էր կեպի։ Ճամպորդությունից վերադարձավ եվրոպական հագուստով, շլյապայով ու այդպես էլ մնաց մինչև վերջ»։
Միքայել Մազմանյանի հուշերից
«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»
Երևան, 1961 թվական, էջ 74։