«Որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանի մոտ զենքերը օրինական են». Օսիպյանն արդարանո՞ւմ է
Պարզվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին ազատ են արձակել, քանի որ նրա մոտ գտնված զենքը օրինական է եղել:
Այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ սկզբում իրեն քչեն իմացել, որ այդ զենքը օրինական է, պարզապես տեղեկություն են ստացել, որ զենք ունի և համապատասխան գործողություններ են իրականացրել:
«Մենք տեղեկություն էինք ստացել, որ զենքեր կան իր մոտ և մյուս մեքենայում: Ստուգեցինք՝ այդ զենքերն օրինական են, հիմա անցնում են մասնագիտական փորձաքննություն»,-ասաց Օսիպյանը:
Նա վստահեցնում է, որ գերծել է միայն օրենքի սահմանում և իր վրա նախկին նախագահի եղբոր հետ կապված գործողություններում ճնշում չի եղել:
«Խելացի չի լինի նման բան անել»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով. «Եթե դուք տեղեկանայիք, որ Սաշիկ Սարգսյանը զենք ունի, բա հարց չէի՞ք տալու, թե նա զենքով է ման գալիս, ինչո՞ւ չեք տանում: Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանի և երկրորդ մեքենայի զենքերը օրինական են»,-դիմեց Օսիպյանը լրագրողներին:
Նա ըստ էության չպատասխանեց հարցին, թե Սաշիկ Սարգսյանի հետ կապված այլ կասկածներ չկա՞ն:
«Այս պահին սահմանափակվենք այսքանով: Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, նոր բան լինի, կհրապարակենք»,-ասաց ՀՀ ոստիկանապետը: