Ի՞նչ կապ ունեն Ադոլֆ Հիտլերն ու Բենիտո Մուսոլինին Բյուրականի աստղադիտարանի հետ (ֆոտո)

1946 թվականին, Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը։ Աստղադիտարանը համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Աստղադիտարանը հայտնի է ամբողջ աշխարհում, սակայն թե՛ Հայաստանում, ու թե՛ աշխարհում քչերը գիտեն, որ աստղադիտարանում գտնվող Շմիդտի 1 մետրանոց դիտակը ժամանակին Ադոլֆ Հիտլերը որոշել էր նվիրել Բենիտո Մուսոլինիին ու թե ինչպես այն հայտնվեց Հայաստանում, NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց Բյուրականի աստղադիտարանի մամուլի քարտուղար Մարիամ Պետրոսյանը։
-Ի՞նչ կապ ունեն Բենիտո Մուսոլինին ու Ադոլֆ Հիտլերը Բյուրականի աստղադիտարանի հետ։
-Դեռ 1930-ականներից Ադոլֆ Հիտլերն աստղադիտակների պատրաստման ձեռնարկ էր սկսել, ինչով զբաղվում էր Ենա քաղաքում գտնվող «Carl Zeiss» հայտնի գործարանը:
Բյուրականի աստղադիտարում այժմ գտնվում է Շմիդտի 1 մետրանոց դիտակը, որը կառուցվում էր Մոնտե Պորայում (Իտալիա), այդ ժամանակ նոր կառուցվող աստղադիտարանի համար։
Հիտլերը որոշել էր դիտակը նվիրել Մուսոլինիին։ Բայց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո, այս դիտակը, որի կառուցումն անավարտ էր մնացել, բազմաթիվ այլ գույքի հետ Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ) տեղափոխվեց։
-Ինչպե՞ս պատահեց, որ դիտակը հասավ Հայաստան։ Ովքե՞ր են այն մարդիկ, որ կարողացան նպաստել այս դիտակի Հայաստան տեղափոխությանը։
-Մի քանի դիտակների միջից Վիկտոր Համբարձումյանն ինքն է ընտրել հենց այս դիտակը։ Իսկ աստղագետ Բենիամին Մարգարյանը փորձարկել, աշխատեցրել է այն։
Բյուրականի աստղադիտարանի դիտակը տեղադրվել է 1960թ.-ին, արդեն ամբողջովին սարքին վիճակում։ Դիտակները չեն կարող տեղափոխվել ինքնաթիռով։ Հատուկ հարթ թափքով մեքենաներ կան, որոնցով դիտակների տեղափոխումն ավելի ապահով է. ցնցումները մինիմալի են հասցված։ Մեքենայի արագությունն էլ կարող է լինել 10 կմ/ժ։
Բենիամին Մարգարյանն այս դիտակով իրականացրել է Բյուրականյան առաջին սպեկտրալ շրջահայությունը (շրջահայությունը (обзор, survey): Դա որոնողական լայնածավալ աշխատանքն է, որի ժամանակ ամբողջ երկնքում որոնվում են որոշակի հետաքրքրության տիեզերական մարմիններ, այնուհետև արդեն խոշոր դիտակներով ուսումնասիրում ընտրված օբյեկտը՝ աստղը, գալակտիկան և այլն)։ Արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի թույլ գալակտիկաներ, որոնք ստացել են նրա անունը՝ Մարգարյանի գալակտիկաներ։ Իսկ Մարգարյանի շրջահայության թվայնացված տարբերակը գրանցվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում»։
-Ինչպե՞ս են արձագանքում եվրոպացի, հատկապես գերմանացի կամ իտալացի զբոսաշրջիկները, երբ իմանում են դիտակի պատմության մասին։
-Բոլորի համար էլ հետաքրքիր պատմություն է։ Մի իտալացի մի անգամ ասել է․ «Ավելի լավ է, որ Հայաստանում է տեղադրվել. մեզ մոտ այդքան էլ արդյունավետ չէր աշխատի»։ Այնտեղ, որտեղ որ նախատեսված էր տեղադրել դիտակը, եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն։ Աստղագիտության մեջ գոյություն ունի աստղակլիմա հասկացություն: Աստղադիտարանի համար տեղանք ընտրելուց առաջ արշավախմբեր են ուղարկվում, որոնք հետազոտում են պայմանները:
Շատ կարևոր է ուսումնասիրել, թե տարվա մեջ քանի անամպ գիշեր, պարզ երկինք կա, կարևոր է, որ գիշերը մաքուր լինի։ Քամիների ազդեցությունն էլ շատ է խանգարում դիտումներին, հաշվի է առնվում մթնոլորտի թափանցիկությունը ։ Ինչքան դեպի վեր ենք գնում, այնքան ավելի թափանցիկ է դառնում։ Իհարկե, անոմալիաներ էլ կան, այնպես չէ, որ լեռան վրա ցանկացած կետում հարմար պայմաններ են:
Երբեմն կարելի է նկատել, որ բարկանում են այս պատմությունից, սակայն չեն բարձրաձայնում։ Ընդհանուր առմամբ, սուր արձագանքներ դեռևս չեն եղել։