Հսկիչ «Բորենին», Նախիջևանում մնացած հայրական տունն ու կամրջի «հավիտենական հսկիչը»․ տիկին Սվետլանայի ոդիսականը (ֆոտոշարք)
Ոմանց համար կամուրջներն ունեն միայն տնտեսական ու ռազմավարական նշանակություն, ոմանց համար կամուրջներն ինքնասպանության համար նախատեսված վայրեր են, իսկ ոմանց համար կամուրջը բնակարան է, տաքուկ անկյուն ու կյանքի իմաստ։ Արդեն 5 տարի է, ինչ Սվետլանա Հարությունյանն ապրում է մետրոյի «Բարեկամություն» կայարանին կից կամուրջի տակ։ Նախիջևանի Փառակա գյուղում է ծնվել, մեծացել։ Գյուղից շատ բան չի հիշում։ Հիշում է, որ գյուղում ապրող քիչ մարդ կար։ Դպրոցում մի քանի աշակերտ էին։17 տարեկանում՝ 1982 թվականից եկել է Երևան, սովորել Բժշկական համալսարանում։ Պատերազմը սկսվելուն պես նրա ծնողները նույնպես եկան Երևան։ Սվետլանայի ծնողները վերջերս մահացան, իսկ հայրական քաղցր, միակ ու վերջին տունը մնաց Նախիջևանում։
«1982 թվականին եկա Երևան, ընդունվեցի Բժշկական համալսարան։ 4 տարի սովորելուց հետո սկսեցի աշխատել։ Արձակուրդներին գնում էի գյուղ, տեսնում ծնողներիս, բայց մեջտեղ եկավ պատերազմը։ 4 տարի սովորելուց հետո, սկսեցի աշխատել «Թիվ 1 պոլիկլինիկայում», հետո սկսեցի դեղորայք վաճառել։ Հետո մարդկանց էի խնամում, ապրում այդ տներում, իսկ հիմա շշեր եմ հանձնում, որ կարողանամ ապրել ու ինքս ինձ պահել։ Ապրում եմ այստեղ, քնում այստեղ։ Չեմ շփվում տարածքի մարդկանց հետ, քանի որ նրանք ինձ միայն վնաս են տալիս»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Սվետլանան։
Սվետլանան դեռ մանուկ հասակից սիրում է շների։ Հիմա իր հետ միասին կամուրջի տակ 6 շուն է պահում։ Ինչպես ինքն է ասում․ «Սրտին չես կարող հրամայել։ Եթե սիրում ես շներին, ապա նվիրվում ես նրանց ու նրանց հետ ապրում»։ Շները հսկում են Սվետլանային, չեն թողնում, որ մարդիկ մտնեն նրանց տարածք։
«Շներին շատ եմ սիրում։ Նրանց ժողովրդից, մարդկանցից շատ եմ սիրում։ Դրա համար էլ շների հետ եմ ապրում։ Նրանց հետ զրուցում եմ ու պատմում իմ դարդերը, ցավերն ու դժվարությունները։ Տարիներ առաջ իմ շներից մի քանիսին սպանեցին, իսկ հիմա ընդհակառակը՝ գալիս են, բուժում ու հետևում նրանց»։
Շներից մեկին էլ անվանել է «Բորենի», որն էլ խոսակցության ամբողջ ընթացքում պտտվում էր մեր շուրջը, հսկում տարածքն ու թույլ չէր տալիս, որ Սվետլանայի տարածքին մարդ մոտենա։ Միգուցե կյանքում առաջին անգամ նրան տվեցին այն հարցը, թե ի՞նչ երազանք ունի։ Երկար մտածեց ու ասաց․ «Երազանք չունեմ։ Ես չեմ էլ մտածում ընտանիք կազմելու մասին։ Ապրում եմ էս պահով։ Դրա համար էլ երազանք չունեմ»։
Զրույցն ավարտեց, ժպտաց, շներին իր գիրկը հավաքեց, ինչպես մայրն իր շուրջը կհավաքեր իր երեխաներին։ Լուսանկարվեց ու վերջում հարցրեց․ «Էս նկարը, որ ինտերնետում տեսնեն, շներիս չե՞ն սպանի, չէ՞»։