«Էս անգամ ներեք, այս մասին մի հրապարակեք». «Փոքրիկ իշխան» մանկապարտեզից հաճախակի լացի ու ճիչերի ձայներ են լսվում. ահազանգ
Երևանի «Փոքրիկ իշխան» մանկապարտեզում երեխաների հետ այնքան էլ լավ չեն վարվում: NEWSPRESS.am-ին այս մասին ահազանգում են մանկական հիմնարկի հարևանությամբ գտնվող բնակելիների քաղաքացիները: Մեզ հետ զրույցում նրանք պնդում են, որ հաճախ են երեխաների բարձր ճիչեր ու լացի ձայն լսում, ինչպես նաև վստահեցնում են, որ լսում են նաև դաստիարակների գոռոցները:
NEWSPRESS.am-ի թղթակիցն այցելեց մանկապարտեզ նմանատիպ միջադեպից մոտ 20 րոպե անց: Նախ տնօրենն արդարացավ, թե մի քանի րոպեով դաստիարակը բացակայել է, ապա սկսեց արդարանալ, թե իր մանկապարտեզում նման միջադեպ չի եղել: Սակայն հարկ է նկատել, որ մենք մանկապարտեզ էինք գնացել հարևաններից այն տիկնոջ հետ, ով հստակ լսել էր, թե ինչպես է դաստիարակը բարձրաձայն գոչում, իսկ երեխան լացելով պատասխանել է, թե «չեմ ուզում, չեմ ուզում...»:
Այնուհետև հիշյալ հարևանուհու հետ մեր թղթակիցը եղել է այն խմբում, որտեղից լսվել էր ճիչը: Բայց դաստիարակներն ու դայակները չէին խոստովանում, որ իրենց մոտ լացող երեխա է եղել:
Տնօրեն Աննա Խախամյանը նշեց, որ չի կարող հանդուրժել սխալ վարվելաձև երեխաների նկատմամբ: Նրանք նշեցին նաև, որ խմբերից մեկում դաստիարակի երեխա կա, ու շատ հնարավոր է՝ նա ինքը՝ որպես ծնող, իր երեխայի վրա է բարկացել:
«Երեխան, ասենք, հակում ունի բարձրանալու, կարող ա՝ մեկ-մեկ ասի, օրինակ, Արման, իջիր, բայց ուրիշ աղմուկ չէիք կարող լսել»,- փորձում էր համոզել տնօրենը:
Եվ նաև զավեշտալին այն էր, որ դաստիարակները փորձում էին համոզել իրենց մանկապարտեզից դուրս եկող ճչոցները լսող հարևաններին՝ վստահեցնելով, թե այդ ձայներն իրենց մոտից չեն եղել: Մանկապարտեզի հարևանությամբ բնակվող կինն օրով և ժամով նշում էր, թե էլ երբ է նմանատիպ ճիչեր, լացի ձայն, աղմուկ ու աղաղակ լսել, բայց տնօրենը համառորեն չէր ընդունում նրա ասածները:
«Ու դուք հավատում եք կողքի հարևանների՞ն»,- դիմելով մեզ՝ հարցրեց տնօրենը՝ հավելելով, թե ծնողները մեծ սիրով են բերում երեխաներին իրենց մոտ: Նա նաև դիմեց մեզ հետ եկած հարևանուհուն՝ հորդորելով նման ձայներ լսելու դեպքում զանգահարել ո՛չ թե լրատվություն, այլ հենց իրենց:
Ու թեև մանկապարտեզի աշխատողները ջանք չէին խնայում համոզելու, որ 20 րոպե առաջ լսված ճիչն իրենց հիմնարկից չէր, սակայն քիչ անց սկսեցին մեղայականով հանդես գալ, թե «Էս անգամ ներեք և այս մասին մի հրապարակեք»...
Մեկնաբանություններն ավելորդ են...