Որոշել ենք, որ շարունակելու ենք համատեղ աշխատանքը․ վարչապետը Թանդիլյանի հրաժարականը չի ընդունել
Ինչպես տեղյակ եք, Աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը։ Այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քնննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրության շրջանում»,- նշեց Փաշինյանը:
Մասնավորեցնելով՝ նա նշեց, որ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է․ «Ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև Տնտեսական զարգացման և ներդրումների և Արդարադատության նախարարների հետ մենք պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար։ Մենք պետք է հանրության մեջ եղած բոլոր կասկածները փարատենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, սակայն քննարկումները կշարունակվեն։
Իսկ, որ կուտակային համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի, վարչապետը ևս հասկանում է և պայմանավորվածություն կա նախարար Թանդիլյանի և կառավարության մյուս անդամների, հանրության ներկայացուցիչների հետ աշխատել, ունենալ կոնկրետ նախագիծ։
«Իմ հրաժարականի պատճառը համակարգի սկզբունքների հետ իմ անհամաձայնությունն է եղել և ուրախ եմ, որ վարչապետն անդրադարձավ այդ սկզբունքների փոփոխության անհրաժեշտությանը»,- ասաց Մ․ Թանդիլյանը և հավելեց, որ պարտավորություն կա համակարգի հուսալիությունն ապահովելու, և այն մոտեցումները, որոնք կառաջարկվեն, հիմնված կլինեն հենց այդ սկզբունքների վրա հիմնված:
«Պատրաստ եմ կարճ ժամանակում ներկայացնելու նախագիծը նախնական քննարկման․ նախագիծն աշնանը կներկայացվի Ազգային ժողով՝ 2019-ի հունվարի 1-ից լիարժեք կիրառելու նպատակով»,-ասաց նախարարը։