«Փաստ». Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունն արտոնություն կստանա
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունն այսօր արտոնություն կստանա: Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում ներառված է «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը: Կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ՍՊԸ–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թ. հունիսի 19–ից մինչև 2019 թ. հունիսի 19–ը ներառյալ ներմուծվող ապրանքների ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով: Վանաձորում բնակվող ցանկացած քաղաքացու համար գաղտնիք չէ, որ «ՎԱԲԱ»–ն պատկանում է Վահրամ Բաղդասարյանին:
Այն պատգամավորի անվան ու ազգանվան առաջին երկու տառերի հապավումն է:
Ընկերությունը ստեղծվել է դեռևս 2002 թ.: Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն, սակայն, հիմնադիր Վահրամ Բաղդասարյանի մասնակցությունը դադարեցված է: Նախագծի համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊԸ–ն նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 միլիարդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 միլիոն դրամ։ Այս գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ–ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Որպես տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն, նախագծում նշել են ներդրումների ներգրավումը, նոր տեխնոլոգիանների ներդրման խթանումը և աշխատատեղերի ստեղծումը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված նախագծում կարդում ենք, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը 2018–2020 թթ. կկազմի 320 հազար դրամ: Նախագծից նաև տեղեկանում ենք, որ ընկերությունը պատրաստվում է ներմուծել շինանյութ, մասնավորապես՝ մետաղյա թիթեղներ, կաբելներ, մամլակներ, հենասյուներ և պոլիէթիլենային հակակարկտային ցանց:
Հիանալի կլիներ, եթե իրականություն դառնար: Սակայն այնքան նմանատիպ ծրագրեր են մշակել թղթի վրա, որ հիմա մնում է հուսալ, որ Բաղդասարյանի ընկերությանն արտոնություն տալը ևս անիմաստ չի լինի: