79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ․ կուտակայինն ընդունվեց
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ արտահերթ նիստ։ Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման ներկայացվեցին մի շարք նախագծեր։
79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
«Ծառուկյան դաշինքը» դեմ էր պարտադիր բաղադրիչի ներդրմանը, նախորդ քվեարկությանը չէր մասնակցել, սակայն այս անգամ, ինչպես «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Կքվեարկենք կողմ, քանի որ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը»:
ՀՅԴ խմբակցությունը ևս արտահայտեց իր դիրքորոշումը, այն է՝ ձեռնպահ, իսկ «Ելք» խմբակցությունը որոշել է նախաքայլ կատարել, հետո շարունակել քննարկումները։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հետևյալ ընթացակարգը՝ սկսած ս. թ. հուլիսի 1-ից քաղաքացիները կփոխանցեն 2.5 տոկոս, իսկ 7.5 տոկոսը կփոխանցի պետությունը: Գործող կարգավորման համաձայն՝ քաղաքացին կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որից 5 տոկոսը վճարում է պետությունը: