«Հրապարակ». Արծվիկ Մինասյանն այդպես էլ նախարար չդարձավ. նախարարությունում շոկ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում, նախ՝ վարչապետի կոշտ արձագանքը պարտադիր կուտակայինի հետ կապված իր ելույթին, ապա՝ կադրային խնդիրները:
Բանն այն է, որ Մինասյանը չի կարողանում իր ղեկավարած նախարարություն կադրեր բերել, փոխնախարարի իր թեկնածուներին Փաշինյանը մերժեց, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում գործող 2 կարևոր կառույցներում՝ պետգույքում և զբոսաշրջությունում ևս Փաշինյանը նշանակում արեց՝ առաջինում նշանակելով Լենա Նազարյանի ամուսնուն, երկրորդում՝ շարժմանը մասնակցած ակտիվիստ Հռիփսիմե Գրիգորյանին: Իսկ նախարարն ընդամենը կարողացել է իր հետ բերել օգնականներին, վարորդին և խոսնակին:
Վերջին օրերին նախարարության շոկն այն է, որ Արծվիկ Մինասյանն աշխատանքից հանել է ընդունարանի աշխատակից Զառա Նահապետովային, ով այս նախարարության խորհրդանիշն է․ ասում են՝ «էկոնոմիկայի Զառան 10 նախարար էր փոխել, Արծվիկ Մինասյանի հետ էլ էր աշխատել, և անհասկանալի է, թե ինչու է նրան հանել՝ առանց որևէ նորմալ բացատրության»: Հատկանշական է, որ չի վերանշանակվել նաև ադամանդագործության և ոսկերչության գծով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, որը ոլորտի լավագույն մասնագետներից և հնաբնակներից է համարվում:
Դրանից առաջ հեռացրել էր Ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանին։ Մեր աղբյուրները նշում են, որ Ալբերտ Բաբայանին փոխնախարար նշանակելու հարցում էլ դեր է խաղացել նախագահականը, իսկ Մանե Ադամյանի նշանակումը շատերին է զարմացրել․ նա դրսում կրթություն է ստացել Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամի գումարներով, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ «Զարգացման հիմնադրամում», Փաշինյանի կառավարության ժամանակ էլ փոխնախարար դարձավ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում