Գուցե ԱԺ-ն շահի՞ Մանվելից․․․
Ազգային ժողովը մի վայր է, որտեղ հավաքվում են քիչ թե շատ խելացի մարդիկ, քանի որ անհրաժեշտություն կա լուծելու օրենսդրական և այլ հարցեր, կարգավորելու երկրի կյանքը, բարելավվելու և լրացնելու օրենքներն՝ ըստ անհրաժեշտության։
Իսկ Հայաստանի Ազգային ժողովում հիմնականում մականունավոր անձինք են, մեծահարուստներ՝ կասկածելի կրթական ցենզով, պատգամավորներ, որոնք ամիսներով չէին հայտնվում Ազգային ժողովում, և պատահական չէ, որ երկրի կյանքում փոփոխություններն աննշան էին, իսկ որոշ հարցեր տեղից չէին էլ շարժվում։ Հակառակը՝ այս տարիներին ավելացան կոռուպցիան, հովանավորչությունը, թալանը և այդ ամենը հովանավորչության և գրագիտության պակասի շնորհիվ նաև։
Գուցե այս երևույթները՝ կապված Մանվել Գրիգորյանի հետ, կստիպեն փոխել Ազգային ժողովի նկատմամբ վերաբերմունքը, որ այս օրենսդրական կառույցը զբոսավայր չէ, ոչ էլ օպերա, որպեսզի գնան՝ հագուստները և ունեցվածքը ցուցադրելու, կամ էլ իրենց համար ապահով բիզնես ապահովեն և ԱԺ-ից նոր հնարավորություններ կորզեն շահադիտական նկատառումներով։
ԱԺ-ում պետք են անձինք, ովքեր զբաղվելու են միմիայն քաղաքականությամբ, կան խնդիրներ, որոնք պատրաստ են քննարկել և լուծում տալ և ընդհանրապես առնվազն գաղափարական մոտեցումներ ունենալ։
Այսօր էլ կան պատգամավորներ, ովքեր չեն գալիս և մասնակցում նիստերին, ովքեր որևէ ելույթ չեն ունենում, ովքեր միայն կոճակ սեղմելու համար են, ովքեր, բացի անհրաժեշտ պահից, այլ ժամանակ ԱԺ-ում չեն երևում։
Կարճ ասած՝ ԱԺ-ն ապագայում պրոֆեսիոնալ կառույց դառնալու պարարտ հող ունի, իհարկե, շատ-շատերը դժվարությամբ հրաժեշտ կտան հարազատ միջավայրին, սակայն պետք է հասկանալ, որ Ազգային Ժողովը պրոֆեսիոնալների հարթակ է, ոչ թե սիրողական։
Գուցե Ազգային ժողովը և ՀՀԿ-ն մի քիչ թանկ են վճարում պրոֆեսիոնալիզիմի ճանապարհին, սակայն, ինչպես երևում է, այլ ճանապարհ չկա։