Վերջին հաշվով հերոս է ճանաչվել, դրա համար էլ Ազգային ժողովում է․ Գալուստ Սահակյան
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյան իրեն Մանվել Գրիգորյանի շրջապատի անձ չի համարում․ ինչպես բոլորին է ճանաչում, այդպես էլ Մանվել Գրիգորյանի հետ է շփվել: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Արձագանքելով հարցին, որ եթե իշխանափոխություն չլիներ, ապա ՀՀԿ-ն Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից չէ՞ր զրկի, Գալուստ Սահակյանը նշեց, որ հայ իրականությունը կախված չէ իշխանափոխությունից։
«Մենք մի ճանապարհ ունենք գնալու և երբեք մի մտածեք, որ այդ ճանապարհով գնում ենք՝ իշխանափոխություն անելով: Կարող է՝ իշխանափոխություն լիներ, բայց 10 տարի հետո բացահայտվեր»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ վերջին հաշվով հերոս է ճանաչվել, դրա համար էլ իրենց հետ Ազգային ժողովում է:
Հարցին, թե կա՞ բացատրություն, թե միայն ՀՀ ԶՈւ-ի համար նախատեսված պարագաներն ինչու էին հայտնվել իրենց գործընկերոջ պահեստներում, Սահակյանն ասաց, որ ինքը հետաքննող մարմին չէ:
«Խնդիրը կքննարկվի ու կներկայացվի հանրությանը, եթե հաստատվի այն, ինչի մասին դուք մտածում եք այսօր, եթե դատարանը որոշում կայացնի, այդ ժամանակ ես կխոսեմ»,- ասաց նա: