Սփյուռքից տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ համագործակցության ձախողված փորձերի մասին
«Այսօր հանդիպել եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ և վերջինիս փոխանցել մեզ տրամադրված տեղեկատվությունը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ կից տեղադրելով նախարարության հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում և առանձնատանը ԱԱԾ կողմից իրականացված գործողությունների և դրանց արդյունքում տեղ գտած բացահայտումների հանրայնացումից հետո ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց վրդովմունքն ու խորը մտահոգությունն են հայտնել արտերկրի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ:
Տարբեր երկրներից մեր հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների և համագործակցության ձախողված փորձի մասին։
Նախարարության կողմից ստացված տեղեկատվությունը, ըստ կարգի, սփյուռքի նախարարի կողմից փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։
ՀՀ սփյուռքի նախարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն:
Թավշյա հեղափոխություն իրականացրած Նոր Հայաստանում Սփյուռքի նախարարությունը հետևողականորեն գործադրելու է ամեն ջանք՝ Հայաստան-Սփյուռք կապերն առավել սերտացնելու և խորացնելու ուղղությամբ, իսկ Նոր Հայաստանի կառավարությունը հանձնառու է, որպեսզի այսուհետ Սփյուռքի աջակցությամբ Հայաստանում և Արցախում ներդրվող ցանկացած լուման, իրականացվող բոլոր ծրագրերն անպայման հասու լինեն իրենց հասցեատերերին, որպեսզի ամեն մի լուման, որն ուղղված է հայրենիքին և բանակին, ծառայի իր նպատակին։
Խնդրում ենք մեր հայրենակիցներին վերոհիշյալ գործի առնչությամբ որևէ լրացուցիչ տեղեկատվության և առհասարակ ցանկացած խնդրի պարագայում դիմել Սփյուռքի նախարարության թեժ գիծ՝ +374 10 589155: