Ապե՛, մաքո՞ւր ես, չէ՞. բա ո՞նց գտնենք մաքուր մարդ
Սա մոտավորապես հայ շարքային վարկառուի մշտական խոսակցության թեման է։ Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկն էլ վարկերի տույժ-տուգանքների համաներումն է, սակայն արդեն բանկերը որոշել են քաղաքականությունը փոխել․ խստացրել են վարկի տրամադրումը՝ մաքուր մարդ են ուզում, աշխատավարձով: Թան էլ չէ՝ բրդած մածուն։
Նախ՝ Հայաստանում արդեն մոմով է պետք ման գալ նման մաքուր մարդկանց, քանի որ եթե մարդիկ իրենք չեն վարկառուն, ապա երաշխավորել են մեկին, ով կամ չի վճարում, կամ էլ ուղղակի «թռել» է։
Հետաքրքիր է, թե Հայաստանում քանի մարդ կա, որ վճարում է որպես երաշխավոր․ երևի շատ, շատ, քանի որ միայն իմ շրջապատում մի քանի նման մարդկանց եմ ճանաչում։
Այսօրվա դեպքից․ ծանոթներիցս մեկը տունը գրավ է դնում, փող է պետք, բանկում աշխատավարձն են ուզել, ներկայացրել է, հիմա էլ ասում են՝ մաքուր մարդ բեր, այն է՝ մաքուր վարկային պատմություն ունեցող, իսկ այդպիսիներին այսօր չես էլ գտնի։ Կարճ ասած, գուցե բանկերը համաներում անեն տույժ ու տուգանքները, բայց միևնույնն է՝ արդեն այնպես են հարստացել վարկերից, որ մի քանի դրամ չստանալը թեեւ հաստատ իրենց բարեկեցությանը չի խանգարի, բայց որոշել են խստացնել վարկերի պայմանները․ մեկ մաքուր մարդ չթողնեն Հայաստանում․ սեւացնեն բոլորին անխտիր։ Գուցե պարզել են, որ մեկ-երկու հոգի դեռևս մնացել է մաքուր վարկային պատմությամբ և ընկել են նրանց հետևի՞ց։
Դժվար է հասկանալ բանկայինի տեսլականը։
Ի դեպ, խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն, ով նշել է, որ հարցը քննարկվել է կառավարությունում և որոշումը չի ուշացել։ Կառավարությունը որոշել է հավանության արժանացնել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ` երբ բանկերը որոշում կկայացնեն զիջել ֆիզիկական անձանց մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը տրված և անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, չեն ունենա որևէ հարկային հետևանք: