Բյուջեն չի կատարվել. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր
ԱԺ-ն այսօր կողմ քվեարկեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ բյուջեն ֆիկցիա կամ վերացական բան չէ, բյուջեն մեր կյանքն է, իսկ եթե մեր կյանքում փոփոխություն չի կատարվել, նշանակում է՝ բյուջեն չի կատարվել:
Նա նաև արձանագրեց, որ բուջեի միջոցով պետք է լինի առաջընթաց, մարդկանց կենսապայմանները բարելավեն, սակայն բյուջեում գրվածը եղել է ընդամենը թղթին հանձնված բարի ցանկություն, որն այդպես էլ իրականություն չի դարձել։
«Այստեղ անձնավորման, հետին թվով վրեժխնդիր լինելու խնդիր չկա»,- ասաց Գ․ Պետրոսյանը՝ հավելելով, որ բյուջեն պետք է ապահովի Սահմանադրության առաջին հոդվածի կենսագործումը, այսինքն՝ ծառայի, որ Հայաստանում իրացվի սոցիալական, իրավական, ինքնիշխան և ժողովրդավարական պետության գաղափարը:
«Ծառուկյան դաշինքի». պատգամավորը 2017-ի բյուջեի առնչությամբ ունի իր կարծիքը, այն է՝ նկարչություն եղել է և բյուջեն չի կատարվել։