Գեներալ Մանվելի դատավոր աղջիկը զբաղված է եղբոր ու իր Սպա-կենտրոնի PR-ով․ բաց նամակ բարձրագույն դատական խորհրդին
Ինչպես գիտենք, օրերս Էջմիածին քաղաքում ծավալվել և թափ է առնում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման դեմ ուղղված քաղաքացիական պայքար: Բնական է, որ գործող քաղաքապետը չէր կարող ձեռքերը ծալած սպարսել իրադարձությունների՝ իր համար ակնհայտ անբարենպաստ զարգացմանը, ուստի, վերջինս իր անմիջական շրջապատի հետ անցել է գործի՝ զանազան պատվիրված հոդվածներ տարածելով մամուլում՝ սեփական չբավարարված էգոն սնելու և իր ոչ լեգիտիմ իշխանության վերջին պատառիկները պահելու ակնկալիքով:
Այս առումով ոչ պակաս ուշագրավ է նաև գործող քաղաքապետի քրոջ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի վարքագիծը: Մասնավորապես, վերջինիս ֆեյսբուքյան էջում փոքրիկ էքսկուրսը թույլ է տալիս եզրակացնելու, որ ի հեճուկս «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով» դատավորին ներկայացվող սահմանափակումների և վարքագծի կանոնների՝ դատավոր Նաիրա Գրիգորյանն իր սահմանադրական գործառույթն իրականացնելու փոխարեն՝ զբաղված է քաղաքապետ եղբոր անհուսալիորեն արատավորված համբավը փրկելու՝ ոչ պակաս «հանրօգուտ» գործունեությամբ:
Դատավոր Նաիրա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը հեղեղված է նաև Էջմիածին քաղաքում գործող «Լեդի սպա» գեղեցկության սրահի գովազդային հրապարակումներով:
Դատավորի այս հրապարակումները ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը, որ հարգարժան դատավորը զբաղվում է ամեն ինչով՝ բացի արդարադատություն հաստատելուց:
Այստեղ առնվազն հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է հարգարժան դատավորը «զերծ մնում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց»:
Հիշեցնենք հարգարժան տիկնոջը, որ դատավորը չի կարող հրապարակայնորեն որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը: Դատավորը չի կարող նաև զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Կարծում ենք, որ ներկայացված փաստերը պետք է դառնան Բարձրագույն դատական խորհրդի հրատապ քննարկման առարկան, իսկ մինչ այդ, մեզ մնում է մաղթել տիկնոջը ուժ գտնել իր մեջ, հրաժարվել ԴԱՏԱՎՈՐԻ կարգավիճակից և զբաղվել իր համար թերևս առավել հաճելի զբաղմունքով՝ վարսահարդարությամբ, մատնահարդարությամբ, մերսումով:
Ամենայն բարիք՝ Ձեր բոլոր ձեռնարկումներում: