ՕՐՎԱ ԿԱԴՐԸ․ Արցախի Տող գյուղի փոքրիկներն ու բնության հրաշքը (ֆոտո)
Արցախ աշխարհն իր գեղեցկությամբ շարունակում է ունենալ դեռ շատ բացահայտվելու տեղեր։ Արցախի բնությունն իր գեղեցկությամբ ու տարբերությամբ գրավում է շատերին։
Արցախցիներն էլ հաստաբուն ծառի կուռ արմատների նման ամուր կպած են իրենց հողից։
Բավական է գնալ Արցախի գողտրիկ գյուղերն, ու պարզ կլինի, թե ինչպես են իրար միաձուլված մարդն ու բնությունը։ Մարդու ու բնության ներդաշնակությունն առավել գեղեցիկ է ու տեսանելի հենց Արցախում։
Ամարասի վանքից դեպի Տող գյուղ տանող ավտոճանապարհն իր գեղեցկությամբ յուրահատուկ է։ Կարծես դրախտի ճանապարհ լինի, որտեղ օդն իր մաքրությամբ աննկարագրելի ու հեքիաթային միջավայր է ստեղծում։
Այդ ավտոճանապարհին գտնվող փոքրիկ բնակավայրում նստած էին այս փոքրիկները, ովքեր դիտում էին ավտոճանապարհով անցնող ավտոմեքենաներին ու զարմանում։
Զարմանում էին, քանի որ այդ կուսական բնության մեջ ավտոմեքենա տեսնելն անսովոր էր նրանց համար։ Նրանց աչքերում բնությանն ամուր կառչած մարդու մաքրությունն է ու վերացող բարության կնիքը։