Արցախի հարցում առաջընթաց չկա հենց Բաքվի պատճառով․ Շավարշ Քոչարյան
«Ադրբեջանի խաղաքարտն օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է: Դա մեր մտավոր կարողությունն ու ստեղծագործ ներուժն է»,- ԱԺ-ում այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը երբեք իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցելու պարտականություն այն հարցերի շուրջ, որոնք Արցախի իշխանությունների, Արցախի Հանրապետության տիրույթում են: Հայկական երկու պետություններում այսօր տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող չամրապնդել հայկական կողմի դիրքերը միջազգային ասպարեզում:
«Այսօր առաջընթացի հնարավորություն չկա, և առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ` Արցախը դիտարկելով որպես լիարժեք կողմ: Բոլորի համար ակնհայտ է, որ 20 տարուց ավելի է՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է»,- ասաց փոխնախարարը։
Քոչարյանը նաև կարծում է, որ Ադրբեջանը պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձևացնի, որ այդպիսի սուբյեկտ գոյություն չունի:
«Դրա համար երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի ներգրավում, դա շատ կարևոր է։ Այսօր չկա այդ հնարավորությունը հենց Բաքվի քաղաքականության պատճառով»,- նշեց Քոչարյանը: