Արամ Սարգսյանը՝ վարչապետի լեզվի փշի մասին
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լեզվի տակ փուշ չկա», նա լավ գիտի, թե ինչպես պետք է միջազգային հարթակներում հարցեր բարձաձայնել։ Փաշինյանը լավ գիտի, թե որ հարցն ինչ սիրունությամբ բարձրացնի, այդ հարցերը ինչքանով են վնաս կամ օգուտ և այլն»,- այսօր խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք բազմիցս ներկայացրել են իրենց մոտեցումները թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի, և թե առհասարակ ԵԱՏՄ-ի մասով:
Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին, Սարգսյանը նշեց, որ չի բացառում ընտրություններին կամ դաշինքով, կամ էլ առանձին մասնակցելու հարցը։
«Ժամանակը ցույց կտա` «Ելք» դաշինքը միասնակա՞ն կգնա, առանձի՞ն, թե՞ կուսակցություն կդառնա։ Բոլոր տարբերակն էլ քննարկման թեմա են», - ասաց նա` հիշեցնելով, որ իրենք երբեք որևէ միավորումում կամ դաշինքում չեն եղել աղքատ բարեկամի կարգավիճակում և չեն պատրաստվում լինել։
Նա նաև չբացառեց ընտրություններին առանձին մասնակցելը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր արդեն համաժողովրդական շարժումից հետո բոլորովին այլ կարգավիճակում է և կուսակցություններն իրենց ներսում պետք է քննարկեն իրենց կարգավիճակները և ըստ այդմ էլ կշարժվեն։