ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, որի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:
Ելիզավետա Դանիելյանին ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը։ Նա հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը ստացել էր գրություն, որ պաշտոնավորման տարիքի լրանալու հիմքով, օրենքի ուժով դադարելու է ՍԴ դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները և այդ հիմքով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատարը ձեռնամուխ է եղել ՍԴ անդամի թեկնածուի ընտրության գործընթացը կազմակերպելուն։
«Ընդհանուր ժողով է կայացվել, ըստ ընթացակարգի առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Ելիզավետա Դանիելյանը և Արման Դիլանյանը և թեկնածուների ներկայացնելուց հետո Ելիզավետա Դանիելյանին 88 կողմ և Արման Դիլանյանին 87 կողմ հարաբերակցությամբ փակ քվեարկությամբ ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը։ Նա որպես դատավոր շուրջ 27 տարվա փորձառություն ունի»,- ասաց Ե․ Խունդկարյանը։
Դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանն իրեն ներկայացնելով նշեց, որ գրեթե ամբողջ կյանքում նվիրել է դատական համակարգին, սիրում է դատավորի աշխատանքը և իր համար պատիվ է դատական իշխանության ներկայացուցիչ լինելը։
Նշենք, որ արդեն Ելիզավետա Դանեիլյանի թեկնածության դեմ հրապարակումներ կան մամուլում։