Կառավարությունը միաձնյա որոշումներով չպետք է առաջ գնա․ սուպերվարչապետի լիազորությունները պետք է պակասեցնել․ Ռուստամյան
«Կառավարությունում ամեն մեկն իր տեսակետը կարող է հնչեցնել, բայց սա նաև քաղաքական և կոլեգիալ մարմին է, կառավարությունը միաձնյա որոշումներով չպետք է առաջ գնա»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառանալով վարչապետ Փաշինյանի և նախարար Արծվի Մինասյանի բանավեճին։
Հիշեցնենք, որ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հիշեցրել էր, որ իրենք դեմ են կուտակայինին։
Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, եթե կան տարակարծություններ գլխավոր սկզբունքային հարցերի շուրջ՝ ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում:
«Սա մեզ հին ու բարի ժամանակներն է հիշեցնում, այդ մեթոդները մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք երբեք կողմ չեն եղել պարտադրանքով համաձայնեցման ու միաձայնության:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ովքեր այս պարտականությունները չեն վերցնում, իրենց հետ չեն, Արմեն Ռուստամյանն արձագանքեց, թե կտրականապես մերժում է այդ գաղափարախոսությունը, քանի որ դա նման է ստալինյան ժամանակաշրջանին․ ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է։
Արմեն Ռուստամյանը նշեց նաև, որ կցանկանա Փաշինյանին հիշեցնել սուպերվարչապետության համակարգի լիազորությունները պակասեցնելու հետ կապված հարցը։
«Սուպերվարչապետությունից էին խոսում, հիմա հենց հարցերի հարցն այն է, որ վարչապետի լիազորությունները պակասեցնելու ուղղությամբ պետք է հստակ քայլեր կատարվեն: Դեռ այդ քայլերը չեն կատարվում»,- եզրափակեց նա: