«Առավոտ». «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից արձագանքել են ԱԺ-ում հնչած հայտարարություններին
«Առավոտ» թերթը գրում է.
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» մեկնաբանել են ԱԺ-ում հնչած հայտարարությունները՝ 40 մլն տոննա մետաղական հանքանյութի արդյունահանման, կոմբինատի տեխնիկայի շարժի եւ աշխատուժը այլ երկրներ գործուղելու մասին:
Պարզաբանման մեջ, ի թիվս այլ դիտարկումների, նշված է. «Հարկ ենք համարում նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը անշեղորեն ծավալում է օրենքի տառին եւ միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն: Ինչ վերաբերվում է արտադրական ցուցանիշներին, ապա վերամշակված հանքաքարի ծավալը 2017 թվականին կազմել է 18.864.000 տոննա, այնպես որ անհասկանալի է, թե ինչ 40 մլն տոննայի մասին է խոսքը եւ որտեղից է առհասարակ առաջացել այդ թիվը:
Անդրադառնալով ընկերության աշխատակիցների գործուղմանը՝ հարկ ենք համարում հայտնել՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը գրեթե բոլոր մայրցամաքներում ունի տնտեսական ծրագրեր, դուստր ընկերություններ եւ ներկայացուցչություններ: Ընկերության սեփականությունը հանդիսացող տեխնիկայի շարժը եւ աշխատակիցների գործուղումներն այլ երկներ իրականցվում են օրենքով սահմանված կարգով՝ աշխատանքային պայմանագրերում ամրագրված դրույթների եւ անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ:
Ի գիտություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությամբ հետաքրքրվողների, հայտնում ենք, որ ընկերության բաժնետերերն արդեն չորս տարի է՝ ընկերության գործունեությունից շահութ չեն ստանում։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն սահմանված է կապիտալ ներդրումների, սոցիալական ծրագրերի իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ առկա իրողության պայմաններում առնվազն բարոյական չէ գերշահույթի եւ կապիտալի արտահոսքի մասին խոսելը:
Բացի այդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում EITI ստանդարտի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ներդրման գործընթացի առաջամարտիկն ու ակտիվ մասնակիցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում