Թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան, բայց երբ և որքանով՝ դա է հարցը
«Եթե քո տեսադաշտում եկամուտների ապահովման հնարավորություն չկա, խիստ վտանգավոր է պարտավորություն վերցնել՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով` նման քայլի գնալուց առաջ պետք է տեսանելի լինի, թե ինչպիսի եկամուտներ են ապահովվելու։
«Այո, մենք միշտ ասել ենք, որ նվազագույն աշխատավարձերը և թոշակները ժամանակի ընթացքում պետք է բարձրանան, բայց որքա՞ն: Չի կարող լինել տնտեսական աճ, և դրանից չօգտվեն աշխատողները, թոշակառուները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, բայց հարցն այն է, թե որքան պետք է բարձրանան և կոնկրետ երբ։ Մեկ անգամ բարձրացումը նշանակում է, որ հետագայում պետք է դրա հետ ապրես, դա մեկ անգամյա բարձրացում չէ, տարիների բարձրացում է»,- նշեց Արամյանը: