Էլէներգիայի սակագինը չի փոփոխվի, գազի գինը՝ անապահով խավի համար 10 դրամով
Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձ կատարվեց էլէներգիայի սակագներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց սակագների նվազման հնարավորություններից։
«Սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Դրանք պայմանավորված են ԱԷԿ-ի հետ, որի աշխատանքը պատմության մեջ առաջին անգամ այսքան երկար պետք է կանգնի: Դա կարող է սակագնի վրա ազդեցություն ունենալ և, այդ ռիսկը հաշվի առնելով, չեմ ուզում գնալ այդ քայլին»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախարարը նշեց, որ ՀՀ սահմանին 150 դոլարով ներմուծումը տարվա վերջ պետք է վերանայվի, ռիսկ կա դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված և այս պահին սակագնի փոփոխություն հնարավոր է իրականացնել անպահով ընտանիքների համար՝ 10 դրամի չափով։
«Կարող ենք «Տաշիրի» հետ պայմանավորվել, որ շահույթի հաշվին սակագինը նվազեցնեն 10 դրամով»,- առաջարկեց Արթուր Գրիգորյանը։