Հայաստանը կարող է լուրջ առևտրային գործընկեր լինել ՄԹ-ի համար. Ծառուկյանի ու Փրիթչարդի հանդիպման օրակարգում նոր ներդրումներն են եղել (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հանդիպման թեման եղել են նոր ներդրումներն ու երկկողմ առևտրաշրջանառության ակտիվացումը:
Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, նշել է, որ եթե 2017թ. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 41 մլն դոլար, ապա Ադրբեջանում այն գերազանցել է 260 մլն դոլարը: Բրիտանական ներդրումների ծավալն այնտեղ կազմում է մոտ 27 մլրդ դոլար:
«Մենք պատրաստ ենք միասնական համագործակցելու, քննարկելու, քանի որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է եկել և պետք են նոր գործընկերներ, համագործակցություն պետությունների հետ: Ես կարծում եմ՝ Հայաստանն այդ հնարավորությունն ունի համագործակցելու, կապերն ավելի զարգացնելու և ամրապնդելու: Մինչև այսօր այդ կապը լիարժեք չի եղել: Դրանք միայն խոսքեր չեն. նայելով առևտրաշրջանառությանը՝ տեսնում ենք, որ այն եղել է տարեկան 41 մլն դոլարի»,- նշել է Ծառուկյանն ու բերել հարևան Ադրբեջանի օրինակը, որտեղ կա մոտ 500 անգլիական կազմակերպություն և որտեղ կատարվել է մոտավորապես 27 միլիարդի ներդրում:
«Այնպես որ՝ մեզ մոտ էլ պայմաններն ու հնարավորությունները կան, մենք էլ պատրաստ ենք կազմակերպելու, ստեղծելու, հնարավորություն տալու, ինչը հնարավոր է՝ մեր երկրում արտադրելու համար»:
Հայաստանում նոր իրողություն է՝ լայն հնարավորություններով. ասել է Ծառուկյանն ու շեշտել, որ Փրիթչարդը հանձնակատարի պարտականություններն իրականացնում է Հայաստանի համար կարևորագույն ժամանակահատվածում:
«Վստահ եմ, որ Հայաստանը կարող է լուրջ առևտրային գործընկեր լինել Միացյալ Թագավորության համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում