Կառավարության դիմաց ՀՀԿ տատիկին «փոխարինողներ» են հայտնվել. նրանք ցուցարարներին արգելում են բողոքել
Կառավարության դիմաց մի քանի քաղաքացիներ ստանձնել էին հանրապետական հայտնի տատիկի դերը։ Նրանք խանգարում էին այն ցուցարարներին, ովքեր եկել էին իրենց խնդիրը ներկայացնելու նոր կառավարությանը։ Նրանցից երկուսը մոտ 50 տարեկան կանայք էին, մեկը՝ տղամարդ, ևս մեկն էլ երիտասարդ, լրագրողի կեղծ բեյջով՝ առանց անուն ազգանունի, ցուցարարներից հարցազրույց վերցնող լրագրողներից վկայականներ էին պահանջում:
NEWSPRESS.am-ի լրագրողը ևս դարձավ այս «հսկիչների» «զոհը»: Այն ժամանակ, երբ երկրի ղեկավարներից տարիներ շարունակ խաբված ցուցարարը ներկայացնում էր իր խնդիրը և խնդրանքով փորձում էր դիմել վարչապետ Փաշինյանին, հանկարծ մոտեցան այս 4 «հերոսները» : Նրանցից տարիքով տղամարդը դիմեց ցուցարարին.
-Ի՞նչ ա եղել, որ...
-Խոսում ենք, ախպեր,- պատասխանեց ցուցարարը:
-Դու ինձ ախպեր չասես... ,-ագրեսիվ տոնով ասաց «տարածքի հսկիչը»:
Երբ NEWSPRESS.am-ի լրագրողը դիմեց տղամարդուն՝ ասելով, որ հանգստանա, և հարցեց, թե ինչո՞ւ է նա ագրեսիվ: Նաև խնդրեց ներկայանալ, վերջինս ներկայացավ և ասաց, որ ուզում է օգնել ցուցարարին և լրագրողից պահանջեց նրա «բեյջը»:
Ու քանի որ լրագրողն իր իրավունքներից ելներով պարտավոր չէ փողոցում «բեյջ» ցույց տալ բոլոր նրանց, ովքեր դա իրենից կպահանջեն, ուստի փորձեց ճշտել, թե ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենից փաստաթուղթ են պահանջում: Վերջիններս հետադարձեցին. «Բա դու ո՞վ ես, որ նկարում ես, ցույց տուր բեյջդ»:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նրանք փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի շահերը և դրա համար են արգելում ցուցարարներին ներկայացնել իրենց խնդիրը, վերջիններս պատասխանեցին, թե իրենք իրենց վարչապետի կողքին են և նրան փորձում են օգնել:
Այդ մարդիկ թերևս դժվար գիտակցեին, որ իրենց օգնությունը կոչվում է արջի ծառայություն, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: Քանի որ մինչ օրս ոչ ոք չի արգելել կառավարության դիմաց ցուցարարներին տեսանկարահանել՝ կլինեին դրանք պատահական անցորդներ, թե լրագրողներ, կամ բեյջ պահանջել նրանցից։
Հարկ է նկատել, որ նրանք անհատապես մոտենում էին նաև բոլոր բողոքարարներին և պահանջում էին հեռանալ ու չբողոքել: Սա, իհարկե, անմիջապես հարվածում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին՝ անկախ նրանից՝ գիտի՞ արդյոք նա այս մարդկանց մասին, թե՞ ոչ:
Չենք քննարկում պոպուլիզմի հերթական տարրերից է այս երևույթը, թե ոչ, պարզապես վատ չէր լինի վարչապետի ուշադրությունը հրավիրել խնդրին, որպեսզի նա, թեկուզ իր ֆեյսբուքյան «լայվեր»-ով թույլ չտա, որ նման անցանկալի միջադեպերը կրկնվեն։