Վայոց Ձորի մարզը դժգոհ է ԲՀԿ-ական նոր մարզպետից. նախարարը վստահեցնում է՝ ոչ մի մարզպետ չի կարող օրենքները շրջանցել
Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ տարածքային և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մարզպետերի պաշտոններում մասնագիտությամբ բժիշկների նշանակմանը՝ կատակելով, թե բժիշկները բուժում են, մարզերն էլ խնդիրներ ունեն, կբուժեն։
Նախարարը նաև անդրադարձավ Վայոց ձորի մարզի բնակիչների դժգոհություններին, որոնք կապված են մարզպետի նշանակման հետ, նշեց, որ ինքը հանդիպել է մի քանի համայնքի բնակիչների հետ, կներկայացնի Վայոց ձորի և Սյունիքի մարզպետերին, պատրաստ է նաև հանդիպելու մարզերի բնակիչների հետ։
Բացի այդ, Պապիկյանը հաշվի է առնելու այն փաստը, որ հատկապես Վայոց Ձորի մարզի բնակիչները դեմ են նոր մարզպետին, բայց այս դեպքում առկա է եղել քաղաքական համաձայնություն և մարզպետը ներկայացվել է ԲՀԿ քվոտայով։
«Եթե հարցեր ունեք, դիմեք ԲՀԿ-ին: Ես իմ վերահսկողական ֆունկցիաների շրջանակներում վստահեցնում եմ, որ ոչ մի մարզպետ չի կարող օրենքները շրջանցել և պատասխան չտալ օրենքի առաջ: Այսինքն՝ ինչ ասվել է մեր կառավարության կողմից, այդպես էլ լինելու է և ոչ մի պաշտոնյա՝ անկախ իր անցյալից, իր նախկին քաղաքական գործունեությունից, չի կարող շրջանցել օրենքը»,- վստահեցրեց Սուրեն Պապիկյանը։