«Լույսը հասավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ»․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (լուսանկարներ)

Այս թեմայով
Չնայած նրան, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գործող Երիտասարդության ու մշակույթի պալատի առաջին հարկում քաղաքացիներ էին, որոնք իրենց բողոքներն էին գրում դիմում-նամակով, այնուամենայնիվ, պալատի երկրորդ հարկում տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը:
NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախից, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության վանահայրերը։
Միջոցառումները կտևեն 3 օր, որոնց ընթացքում երիտասարդական պալատում կցուցադրվի Մխիթարյան միաբանության պատմությունը, ինչպես նաև կցուցադրվեն բացառիկ գրքեր, որոնք տպագրել է միաբանությունը։
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով նշեց, որ Մխիթարյան միաբանության լույսը հասավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Նա ընդգծեց նաև, որ թե՛ Նապոլեոնը, և թե՛ Ադոլֆ Հիտլերը չկարողացան ձեռք տալ Մխիթարյան հայրերին ու իրենց հիմնած միաբանությանը։
Արքեպիսկոպոսը բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքն ու ընդգծեց, որ արցախցիները նույնպես իրենց նյութական ներդրումն ունեն միաբանությանը տրված բարերարության գործում։









