Պատմական ռեկորդի հետքերով․ ֆրանսիացին լողալով կանցնի Խաղաղ օվկիանոսը
51-ամյա ֆրանսիացի Բենուա Լեքոնթը, ով իր առջև խնդիր է դրել դառնալ առաջին մարդը, ով լողալով կանցնի Խաղաղ օվկիանոսը, իր առաջին ցատկը կատարել է Ճապոնիայի ափերից:
Լեքոնթը ծրագրել է օրական ութ ժամ լողալ և մոտավորապես կես տարի հետո կհաղթահարի 9 հազար կիլոմետր և կհասնի Ամերիկայի միացյալ նահանգների ափերին:
Լողորդի հիմնական նպատակն իր այս քայլով մարդկության ուշադրությունը գլոբալ տաքացմանը հրավիրելն է: Նրան կընկերակցեն մի խումբ գիտնականներ, ովքեր ճանապարհորդության ողջ ընթացքում հետազոտություններ կանցկացնեն օվկիանոսում:
Բացի այդ, նրանք հետևելու են Լեքոնթի առողջությանը և կուսումնասիրեն, թե ինչ ազդեցություն է ունենում ծանր ֆիզիկական աշխատանքը առողջ մարդու վրա: Այս ճանապարհորդությանը ֆրանսիացի լողորդը պատրաստվել է շուրջ վեց տարի, այդ ընթացքում ժամերով լողացել օվկիանոսում և շատ այլ ֆիզիկական վարժություններ կատարել, նա հուսով է, որ իր ծրագիրը հաջողությամբ կպսակվի: