Անելիքները շատ են, աշխատանքը՝ ծանրաբեռնված. Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Տրանսպորտի նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման մեջ։
Իր նշանակմանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Փամբուխչյանը՝ մասնավորապես գրելով.
«Սիրելիներս, տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ՝ տրանսպորտի, երկաթգծի և ավիացիայի գծով:
Այսօրվանից ստանձնում եմ պետական պաշտոն և ՀՀ քաղաքացիներին հաշվետու լինելու պարտավորություն:
Անելիքները շատ են, աշխատանքը՝ ծանրաբեռնված:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: