Պաշտոն տվեցին անգամ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ կադրին
Քիչ առաջ Կառավարությունում հետաքրքիր նշանակում կատարվեց. Գեորգի Մուրադյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Մուրադյանին չճանաչողների համար սա կարող էր մեծ ուշադրության չարժանանալ, իսկ ահա ճանաչողները պարզապես երկմտանքի մեջ կընկնեն: Բայց ինչպե՞ս՝ հեղափոխությո՞ւն, թավի՞շ, երիտասարդ փոխվարչապե՞տ ու Գեորգի Մուրադյա՞ն: Այս կապը մի տեսակ չի ընկալվում ընդհանուր քաղաքական պրոցեսների համատեքստում:
Բանն այն է, որ Գեորգի Մուրադյանը տարիներ ի վեր «գլուխը կախ» և ինչ-որ տեղ նաև մեծ հպարտությամբ, ծառայել է «հեռացող առվակ», կամ գուցե «ցամաքող առվակ» Հովիկ Աբրահամյանին:
Երբ վերջինս Ազգային ժողովի նախագահ էր, Մուրադյանը եղել է ԱԺ արարողակարգի վարչության պետ, այդ պաշտոնից նրա հեռանալուն պես Մուրադյանը ևս թողեց պաշտոնը:
Աբրահամյանների ընտանիքին հավատարիմ Մուրադյանը երբևէ անգործ չի մնացել, նրա համար մշտապես անելիք է եղել. պաշտոնաթողությունից հետո Օդեսայում գլխավոր հյուպատոս նշանակվեց, իսկ կարճ ժամանակ անց ̀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հերթը Արգամ Աբրահամյանի համար «վիզ դնելն էր» և քվեներ բերելը: Հաջորդիվ, նա կրկին Ազգային ժողովում էր՝ ուղեկցում էր Արգամ Աբրահամյանին:
Փաստորեն, նոր իշխանությունների կադրային սովն այնքան լրջացավ, որ սկսեցին ապավինել նախորդ իշխանությունների աջակցությունը: Այսպիսով, օգտվելով նրանց խորհրդականներից՝ գնում են այն ճանապարհով, որ գնացին նախորդները և ձախողեցին: