2 միլիարդ դրամի չարաշահում Հանրային հեռուստաընկերությունում (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չարաշահումների մասին մամուլում առկա հրապարակումներն Ազգային ժողովում բուռն քննարկումների առիթ դարձան։ ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չափով չարաշահումների մասին հրապարակումների վերաբերյալ:
«Ես խնդրում եմ մանրամասնել, թե ինչ շեղումների մասին է խոսքը, և հստակ նշել, թե որտե՞ղ են այդ գումարները ծախսվել: Եթե այդպիսի շեղումներ են եղել, արդյո՞ք սա չի խոսում կառավարման մոդելի ճգնաժամի կամ կադրային սխալ քաղաքականության մասին»,- հարցրեց Տոնոյանը:
Հարցին նախ պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ չի կարծում, թե չարաշահումներ են եղել՝ ընդգծելով, որ խոսքն ընթացակարգային խախտումների մասին է:
Այնուհետև թեմային անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա իր հերթին պարզաբանեց, որ խնդիրները եղել են տեխնիկական ու հաշվետվությունների տողերի սխալ ձևակերպումների հետևանքով ծագել են հարցեր։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում.