Սուպերմարկերտները մասնատել է պետք. Մելիտա Հակոբյան
«Ունենք բավականաչափ շատ մարկետներ, փոքր խանութներ, որոնք և՛ ավելի էժան են, և՛ ավելի նորմալ սպասարկում են իրականացնում։ Այս սուպերմարկետները հոշոտեցին այդ խանութներին։ Մենք գիտենք, թե ինչպես գոյացավ այդ ամենը՝ հոշոտեցին, մնացին մի քանի փոքր սուպերմարկետներ, կան բակերում փոքր «բուդկաներ», որտեղ վաճառում են միրգ-բանջարեղեն։ Վերջապես հիմա մեքենաներով բերում են բակերը, շաբաթ-կիրակի օրերին ունենք տոնավաճառներ, թող մարդիկ այդտեղից գնեն, տեսնենք սուպերմարկետների գնաճն ինչքա՞ն կդիմանա։ Կփչանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Բացի այդ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից դիմել են իրենց կազմակերպությանը, որպեսզի առաջարկներ ուղարկեն՝ ինչ պետք է անել սուպերմարկետների հետ, և իրենք իրենց առաջարկներն ուղարկել են:
Բանախոսը գտնում է, որ քաղաքում այդքան սուպերմարկետ չպետք է լինի, դրանք պետք է լինեն քաղաքից դուրս և ավելի էժան. մարդիկ այնտեղից գնում են մի շաբաթվա, մի ամսվա տարբեր տեսակի լայն սպառման առարկաներ, հիգիենիկ պարագաներ և այլն, ձեռքի հետ էլ մեկ շաբաթվա ուտելիքն են գնում, այն էլ՝ շատ էժան, սակայն Հայաստանում սուպերմարկետները դարձել են սուպեր գներ:
Հակոբյանը նշեց, որ չի կարելի թույլ տալ, որ գերիշխանություն լինի այդ բնագավառում, սուպերմարկերտները մասնատել է պետք: