Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց, կալանքի կիրառումը մերժվեց․ պաշտպան
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունն ավարտվել է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետն ազատ է արձակել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Նա ազատ է արձակվել և կալանքի կիրառումը մերժվեց»,- ասաց Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ երկու շինծու վկայի ցուցմունքի հիման վրա Համբարձումյանը մեղադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ և նրան դրա համար չէին կարող նրան մեղադրանք առաջադրել և ազատազրկել։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: