Կառավարության և գործարարի միջև նախկինում եղած համաձայնությունից դուրս ոչ մի այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվի. ՊԵԿ (տեսանյութ)
«Չգրանցված ոչ մի աշխատող չպետք է լինի, դրա դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է»։ Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով` հարկ վճարողների հետ օրենքից դուրս որևէ բանակցություն չի լինելու։
Դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե իր բոլոր աշխատողներին գրանցի և բոլոր հարկերը վճարի, հազարավոր աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը, Դավիթ Անանյանն արձագանքեց, որ ինքը ներկա չի եղել նման հանդիպման, և վստահ էլ չէ, թե եղե՞լ է նման հանդիպում, թե՞ դրանք պարզապես մամուլում շրջանառվող լուրեր են․
«Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել ու նման քննարկում են ունեցել: Եթե այդպիսի հանդիպում եղել է, ես չեմ մասնակցել, և ես չէ, որ պետք է մեկնաբանեմ դա»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Նրա դիտարկմամբ, բոլորը պետք է գործեն հարկային օրենսդրությանը համահունչ. «Եթե այդպես գործելու արդյունքում հարկային մարմնին կից հասարակական խորհրդում և ֆինանսների նախարարությունը կից խորհրդում քննարկումներում կպարզվի, որ օրենսդրությունը չի խթանում տնտեսության զարգացմանը, այլ խթանում է չգրանցված աշխատողների պրակտիկայի արմատավորմանը, մենք համապատասխան օրենսդրական փոփոխություններով հանդես կգանք, բայց հիմա գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ որևէ գործարար պաշտոնյայի հետ կառավարության ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս ոչ մի այլ պայմանավորվածություն չի լինելու։