Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ․ Պնախարար (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման առնչությամբ նախարարությունը ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ, բայց մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Պաշտպանության նախարարը նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման օրերին ևս իսկապես սահմանին կային կուտակումներ։
«Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով: Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել՝ մեր ներքին գործընթացների հետ կապված»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում