Հին տերերի մոտ անհուն զարմանք է, թե նորերն ինչքան են հղփացել. փոխվարչապետի 20 միլիոնի ծախսը
Նոր տերերի մոտ դեռ խրախճանք է,
Նոր տերերը դեռ չեն կշտացել,
Հին տերերի մոտ անհուն զարմանք է,
Թե նորերն ինչքան են հղփացել:
Ռուբեն Հախվերդյանի «Հին ընկեր» երգի բառերը լավագույնս են արտացոլում այսօրվա Հայաստանի քաղաքական իրավիճակը, եթե սա քաղաքականություն անվանենք:
20 մլն դրամից ավելի ծախս՝ թռիչքի համար. ահա այսքան է մեր բյուջեի համար արժեցել Արարատ Միրզոյանի փոխվարչապետական թռիչքը դեպի Դուշանբե։
Սա այն դեպքում, երբ այս քաղաքական թիմը մշտապես խոսում էր բյուջեից անտեղի մսխված գումարների մասին: Հենց այս նույն քաղաքական թիմն էր, որ նշանակումներից հետո ակտիվորեն տարածում էր նախարարի լուսանկարը՝ մետրոյից, մյուս նախարարի՝ քաղաքային ինչ-որ սրճարանում նստած կամ բանկի հերթի մեջ՝ բուրիտո ուտող փոխվարչապետի լուսանկարները:
Ահա այս բոլոր PR տեխնոլոգիաները ստվերվում են, երբ մեկ թռիչքը արժենում է 20 մլն դրամ ու սա այնքան խնամքով մշակված թռիչք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը, որպեսզի իրագործվեր այս ծրագիրը․ դե իհարկե, Արարատ Միրզոյանը պետք է առաջին բորտով մեկներ:
Ի դեպ, Արարատ Միրզոյանը Դուշանբեից հարցազրույց է տվել և նշել թերևս ամենակարևոր հարցը, որ քննարկվել է Տաջիկստանի վարչապետի հետ. «Տաջիկական ոսկու հումքը կտեղափոխվի Հայաստան, այստեղ զարդեր կպատրաստվեն և նորից հետ կուղարկեն»,- սա փոխվարչապետի կողմից առանձնացված հավանաբար ամենակարևոր հարցն էր, որ քննարկվել է:
Հուսանք, որ այս մեկ հարցի քննարկումով չենք սահամանափակվի և արդեն այսօր կունենանք բավարար տեղեկություններ, թե ինչ քննարկումներ և համագործակցությունների սկիզբ են դրվել, որ արժեին այդ 20 միլիոնի ծախսի համար:
Թե չէ, եթե ամեն անգամ վարչապետը, երեք փոխվարչապետերը և այլք առաջին բորտով մեկնեն ինչ-որ պետություն և քննարկեն հնարավոր համագործակցություններ, գուցե Հայաստանի նվաստ բյուջեն այդքանի տակից դուրս չգա: