Բնապահպանության նախարարը հավաստիացնում է՝ բոլոր հանքերը ստուգվելու են
«Ի՞նչ կապ ունի, թե ում է պատկանում հանքը, անուններ թվեք: Կա օրենք: Շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացի էին դիմել, քանի որ կային խնդիրներ, մենք դադարեցրել ենք: Որևէ տարբերակում չի դրվելու, և անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ միևնույն է, ստուգումներ են իրականացվելու»,- այսօր լրագորղներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադառնալով հանքերի շահագործման ստուգումներին:
Նախարարը նաև շեշտեց, որ իրականում խզվածք կա փորձաքննության եզրակացություն ստանալուց հետո և իրական գործունեության հետ կապված:
«Երբ հանքարդյունաբերական կազմակերպությունը շրջակա միջավայրի ազդեցության դրական գնահատականն էր ստանում, դրանից հետո գործունեությունը մոնիթորինգի և ստուգման պետք է ենթարկվեր։ Մոնիթորինգի համակարգը հստակեցված չէր, և ստուգումները դադարեցված էին։ Ստուգումներն ուղղակի անհրաժեշտություն են իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: