Քաղաքական «տրյուկ»` Կարեն Կարապետյանի մասնակցությամբ
Վերջին շրջանում և՛ սոցիալական ցանցերում, և՛ որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ գազի ներտնտեսային սպասարկման համար նախատեսված գումարները չեն գանձվելու, քանի որ նման ծառայություն պարզապես չի մատուցվում:
Բաժանորդները վճարում են, սակայն որևէ ծառայություն չեն ստանում, պարզապես այդ գումարների հաշվին աշխատանքով և եկամտի աղբյուրներով է ապահովվում Կարեն Կարապետյանի ընկերությունը` «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ը:
Նշենք, որ այս կառույցի տեսուչները հիմնականում «փող» հավաքողներն են: Նրանք շատ լավ էլ տեղյակ են, թե ում տանն ինչ է կատարվում, սակայն մեկ-երկու հազարի դիմաց աչք են փակում:
Ինչպես ասում են, գազի գրեթե բոլոր բաժանորդներն այս կամ այն խնդիրն ունեն` մեկի նախագիծը չի համապատասխանում, մյուսի խողովակները չկան, երրորդինը` դրսում ժամանակավոր գազի աչք ունի և այլն:
Այսինքն՝ այս կառույցը որևէ օգտակար գործ չի անում, բացի փող հավաքելուց` օրինական և անօրինական:
Ի դեպ, մինչև մեկ-երկու ամիս առաջ խիստ հրաման էր տրված՝ բոլոր թերացած բաժանորդներին տուգանել, իսկ այն տեսուչները, ովքեր չէին ենթարկվում` ենթակա էին հեռացման: Իհարկե, այժմ վիճակը փոխվել է, սակայն «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ը մնում է ուռուցք գազի սպասարկման ծառայությունում:
Ի դեպ, չի բացառվում, որ ներտնտեսային ցանցի սպասարկման գումարների չեղարկելու լուրը «գցված» էր դաշտ` հանրությանը շեղելու կամ ապակողմնորոշելու համար: Չէ՞ որ այս ընկերությունը հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանինն է: Իսկ ինչի՞ մասին է խոսում այն, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ներտնտեսային ցանցի սպասարկման գումարների չեղարկումն այսօր որակել է որպես սուտ տեղեկություն.
«Այդ հարցը ո՛չ քննարկվել է, ո՛չ էլ մտադիր են քննարկել»:
Իսկ ներտնտեսային ցանցի սպասարկման գումարների չեղարկումն ի՞նչ էր, եթե ոչ քաղաքական «տրյուկ»: